Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենին ձերբակալեցին

Մանկապարտեզի տնօրենը 3 տարում 3.7 մլն դրամի յուրացում է կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Նաիրի Ինշուրանսը» պետությանը մոտ 200 մլն դրամի վնաս է հասցրել. ՊԵԿ–ի հայտարարությունը

Հովհաննիսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի (յուրացում) 1-ին կետով հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը 2018 թվականի նոյեմբերին տեսանյութ էր տարածել` հայտնելով, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 3 տարում 3.7 մլն դրամի յուրացում է կատարել։

Ըստ ոստիկանության` 2015-2018 թթ մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ նրա մտերիմներն են եղել, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:

Ըստ որոշ տեղեկությունների` Գայանե Հովհաննիսյանի որդին Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչն է, ով ի պաշտոնե պետք է վերահսկեր այս մանկապարտեզի գործունեությունը։