ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին հուսալի գործընկեր է համարում։ Այդ մասին նա ասել է երկուշաբթի` ընդունելով արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերը, այդ թվում` Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանինը։
«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր։ Նրա հետ մեզ միավորում է բազմաբևեռ համագործակցություն, այդ թվում՝ առանցքային դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում»,– նշել է Լուկաշենկոն։ Այդ մասին ասվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։
Նա հավելել է, որ Մինսկը մտադրություն ունի ընդլայնել հայ–բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ է իր մասնակցությունը բերել ցանկացած նախագծի, այդ թվում` Հայաստանի տարածքում, որոնք «կհետաքրքրեն հայ ընկերներին և եղբայրներին։»
Հիշեցնենք, որ վերջին շրջանակում Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ են ծագել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցում։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Միաժամանակ, Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հարցը մինչև հիմա լուծված չէ։