Արմեն Աշոտյանն անդրադարձել է դեսպանի գրառմանը. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Միացյալ Թագավորության կողմից ԵՄ– Հայաստան համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարի: Արձագանքելով լրատվամիջոցներում հայտնված լուրերին` Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Միացյալ Թագավորության Լորդերի պալատն այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թվականի հուլիսի 11-ին»,– գրել է Աշոտյանը։

Ըստ նրա` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի գրառումը, որին հղում են արել լրատվամիջոցները, իրականում վերաբերում է համաձայնագրի վավերացման հաստատմանը։

Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է

Աշոտյանի խոսքով` անցյալ տարի տեղի ունեցած վավերացումն այժմ պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ:

Հայկական լրատվամիջոցներն այսօր` հունվարի 21–ին, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնել են, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են 10 պետություն՝ Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը: