ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստանում չպետք է ավելորդ պատրանքներ ստեղծվեն Ադրբեջանում տեղի ունեցող ընդդիմության ցույցերի առիթով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական ընդդիմությունն ավելի ագրեսիվ դիրքորոշում ունի Հայաստանի և Արցախի հարցում, քան այդ երկրի իշխանությունները։
Փորձագետի խոսքով, եթե վերլուծել հայտնի ընդդիմադիր գործիչների, քաղաքական գործիչների և ակտիվիստների գործունեությունը և հռետորությունը, ապա կարելի է տեսնել, որ նրանք ավելի արմատական և հայատյաց դիրքորոշում ունեն։
«Սա մասնավորապես վերաբերում է հայտնի լրագրող և ակտիվիստ Հադիջի Իզմայիլովային, սա վերաբերում է Յունուս ամուսններին, որոնք, ինչպես հայտնի է, արտագաղթել են Նիդեռլանդներ։ Մասնավորապես, Լեյլա Յունուսը պաշտոնաթող գնդապետ է, ծառայել է տեղեկատվական անվտանգության հարցերով ստորաբաժանումում», – հավելեց Քոչարյանը։
Նա անտեղի է համարում հայ հասարակության ոգևորությունը` առաջացած Բաքվում լայնածավալ ակցիաների հետևանքով։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ցույցը։ Իշխանություններից դժգոհելու առիթ էր դարձել ինտերնետի անջատումը։