ԱԱԾ–ն կալանավորել է մաքսային տեսուչին ու ճարպիկ առևտրականին

Ներկրումների հարկերից ու տուրքերից խուսափելու նոր մեթոդ է բացահայտվել։ ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանց հայտարարագրման ապրանքներ ներկրելու մեխանիզմ:

Վանեցյանն ու Քոչարյանը հաշտության չեկան

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության այս հանցավոր մեխանիզմը գործել է տևական ժամանակ։

Այսպես` ՀՀ մի շարք քաղաքացիներ Վրաստանից, Թուրքիայից և այլ երկրներից  ձեռք բերված խոշոր խմբաքանակներով միրգ-բանջարեղեն, հագուստ, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլ ապրանքներ են տեղափոխել հայ-վրացական սահմանի մոտ, դրանք պահեստավորել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում, ապա ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակներով ներկրել Հայաստան՝ առանց մաքսազերծման հարկեր ու տուրքեր վճարելու:

Միաժամանակ սնունդը չի անցել ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննություն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին հայտնաբերվել են Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղեն Հայաստան ներկրելու դեպքեր:

Պարզվել է, որ դրա համար քաղաքացին նաև կաշառել է «Բագրատաշեն» մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչին։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:

ԱԱԾ–ն միջոցներ է ձեռնարկում նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու և հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց բացահայտելու ուղղությամբ: