Կապիկներ, շամաններ և վայրի ծեսեր․ ինչպես է հայերին հաջողվել դուրս գալ աֆրիկյան բանտից

Անուշաբույր սուրճ եփելիս կամ եգիպտացորենի շիլա պատրաստելիս մենք չենք մտածում, թե որտեղից են բերվել այդ մթերքները։ Բացառված չէ, որ դրանք հավաքել են Տանզանիայի բանտի բանտարկյալները։ Հենց այնտեղ է եղել «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը և պատմել իր արկածների մասին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանի և նրա եղբոր պատմությունը կարելի է անվանել «հայերի անհավանական արկածները Աֆրիկայում»։

Ամեն ինչ սկսվել է Տանզանիայի Կիլիմանջարո միջազգային օդանավակայանից 2016թ-ին։ Արտյոմը և նրա եղբայրը պատրաստվել են վերադառնալ Հայաստան, բայց այդպես էլ չեն նստել ինքնաթիռ։ Նրանց թվացել է, որ օդանավակայանում տեղի ունեցածը վատ երազ է։ Այդ մասին Վարդանյանը պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Խաբեցին և նստեցրին

Վարդանյան եղբայրներին ձերբակալել են և մեղադրել կենդանիների մաքսանենգության մեջ։ Տանզանիայում ենթադրել են, որ նրանք փորձել են անօրինական կերպով երկրից դուրս բերել 61 կապիկ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 14 դոլար է։

Կապիկներ, շամաններ և վայրի ծեսեր․ ինչպես է հայերին հաջողվել դուրս գալ աֆրիկյան բանտից

Գործարարներին տարել են ժամանակավոր մեկուսարան և թողել աշխատակիցներից մեկի աշխատասենյակում։

«Մենք ընկերացել էինք այդ աշխատողի հետ, միասին նույնիսկ ճաշել ենք։ Ավելի ուշ մեզ ասացին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել», - պատմեց Վարդանյանը։

Բանն այն է, որ CITES հարցերով վարչության (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների ու բույսերի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիան) պետը Տանզանիայում «Zoo Fauna Art» ընկերության ղեկավար Արթուր Խաչատրյանին կապիկներին երկրից դուրս հանելու թույլտվություն է տվել։ Այնուհետև եղել է նախարարի հրամանը` արտահանումը արգելելու մասին։ Հայ գործարարի անունով նոր թույլտվություն են տվել՝ չծանուցելով այդ մասին երկրի իշխանություններին։

Կենդանիների թրաֆիքինգի պատմությունը վնասում է ՀՀ վարկանիշին. բուծարանների սեփականատերեր

Արդյունքում տուժել են Վարդանյաները, որոնք համաձայնել են Խաչատրյանի համար բեռնատար ինքնաթիռով երկրից դուրս բերել կապիկներին։ Որոշ ժամանակ անց քննչական մարմինները պարզել են, որ եղբայրները մեղավոր չեն, և հարցը, թվում է, լուծվել է։ Բայց այստեղ գործարարներին նոր փորձություն է պատահել։

«Դատի օրը նրանք խնդրեցին մեզ փաստաթուղթ ստորագրել, որում ասվում էր, որ մենք իբր անօրինական կերպով որոշել ենք արտահանել արձանիկներ։ Մենք պետք է 50 դոլար տուգանք վճարեինք և վերադառնայինք տուն», - պատմեց Վարդանյանը։

Եղբայրները համաձայնել են, թեև նրանք պատրաստ են եղել տրամադրել կտրոններ, որոնք հաստատել են հուշանվերները գնելու օրինականությունը։

Երբ Արտյոմը և եղբայրը ստորագրել են փաստաթուղթը, Տանզանիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իշխանությունների հրամանով նրանց բանտ կնստեցնեն։ Նորությունը շոկային է եղել նրանց համար։

Վարդանյաններին բանտ են տարել CITES վարչության աշխատակիցների հետ միասին, որոնց մեղադրել են խարդախությանն առնչություն ունենալու մեջ։ Նրանց կողքին բանտարկված են եղել 12 և 14 տարեկան երկու աղջիկ, որոնց մեղադրել են ինչ-որ սպանության մեջ։

«Աղջիկներին նստացրել էին միայն նրա համար, որ նրանք ուտելիք են պատրաստել հանցախմբի համար», - ասաց Վարդանյանը։

Ի դեպ, այդ հանցախմբի հետ համագործակցության մեղադրանքով նստեցրել նաև շամանի։ Բանն այն է, որ նկարագրվող իրադարձություններից կես տարի առաջ նա հանցագործներին վաճառել է հմայիլներ՝ խոստանալով, որ այդ կախարդական հմայիլները կպաշտպանեն նրանց ոստիկանությունից։ Բայց կախարդությունը չի օգնել, և հանցախմբի անդամները մատնել են շամանին։ Նրանց ցուցմունքների արդյունքում կախարդին համախոհ են համարել։

«Ես այդ ամենը նրա համար եմ պատմում, որպեսզի դուք պատկերացում կազմեք այդ երկրի և նրա բնակիչների բարքերի մասին», - բացատրեց Վարդանյանը։

Վտանգներ բանտում և հուսահատության պահեր

Եթե չլինեին Արտյոմի վճռական գործողությունները, ապա դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այս ամբողջ պատմությունը, և ինչ կպատահեր եղբայրների հետ Աֆրիկայում։ Վարդանյանները Հոլանդիայի քաղաքացիներ են, և Արտյոմը պահանջել է հանդիպել հյուպատոսի հետ։ Տեսակցությունը կայացել է, և գործարարը հոլանդացի դիվանագետին նամակ է հանձնել, որում շարադրել է գործի  էությունը։ Նամակի պատճենները տրվել են տարբեր կառույցների, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների։

Արտյոմի կարծիքով՝ հենց այդ քայլերն են նրան և եղբորը փրկել, թեև բանտում նրանց իրական վտանգ է սպառնացել։

Ինչպե՞ս են էկզոտիկ կենդանիները ներկրվում Հայաստան

«Մենք այնտեղ կարող էինք մահանալ ինչ-որ հիվանդությունից», - ասաց Վարդանյանը։

Սպառնալիք բխել է նաև մյուս բանտարկյալներից, չէ որ նրանց կողքին եղել են մարդասպաններ, բռնաբարության համար դատված անձիք։ Նրանց հրեշավոր պատմություններ են պատմել։ Այսպես, բանտարկյալներից մեկը շամանի խորհրդով սպանել էր հարազատ հորը։ Կախարդն ասել էր, որ եթե տղամարդը նրա մոտ տանի ծնողի գլուխը, ապա կհարստանա։

Տղան կատարել է ցուցումները, տարել հոր գլուխը, բայց կախարդը տեղում չի եղել։ Երկու օր սպասելուց հետո շամանը վերջապես հայտնվել է, բայց անպիտան համարել հոր գլուխը՝ ասելով, որ արյունն արդեն չորացել է։ Արդյունքում տղամարդը բարկացել է և սպանել շամանին։

«Այդ մարդանց շարքում «ամենանորմալը» եղել են «քիլերները»։ Մնացածները կարծես զոմբի լինեին․շատ բանտարկյալների այնտեղ կտտանքների էին ենթարկում», - ասաց Վարդանյանը։

Աֆրիկյան բանտում արթնացել են առավոտյան 6-ին։ Օրը սկսվել է աղոթքով։ Նախաճաշին տվել են եգիպտացորենի շիլա, ճաշին՝ կրկին շիլա, բայց սառը։ Տոներին յուրաքանչյուրին տալիս են մի բուռ բրինձ կամ կարմիր լոբի։ Օրվա ընթացքում բանտարկյալները հիմնականում զբաղված են սուրճի պլանտացիաներում և եգիպտացորենի դաշտերում բերք հավաքելով կամ ֆաբրիկայում կոշիկ կարելով։

Հայ եղբայրներին թույլ են տվել ավելին. նրանք քնել միջատներից պաշտպանող ցանցով մահճակալի վրա, բանջարեղենով ձուկ են կերել։ Արտյոմը խոստովանում է` այլապես նրանք չէին փրկվի։

«Ես նույնիսկ փորձել եմ քաղցած մնալ`ի նշան բողոքի հրաժարվել եմ ուտելիքից։ Սակայն հսկիչը մի անգամ մոտեցավ ինձ ու խորհուրդ տվեց նման բան չանել, չէ որ սա Աֆրիկան է», - ասաց Վարդանյանը։

Արտյոմը հավելեց, որ Տանզանիայում շատերը հատուկ հանցագործություն են կատարում, որպեսզի բանտ նստեն։ Ազատության մեջ նրանք ապրում են հյուղակներում, որտեղ ոչ մի պայման և հարմարություն չկա։ Բանտում նրանք ապահովված են ջրով և էլեկտրականությամբ։

Հայ գործարարները Տանզանիայի բանտում գտնվելու ժամանակ չեն հանձնվել և չեն հուսահատվել։ Բացի այդ, նրանց օգնել են հարազատները և ընկերները։ Բայց մի անգամ հուսահատությունը պատել է նրանց։ Արտյոմը խոստովանում է, որ կորցրել է հույսը, երբ հրաժարվել են նրանց ազատ արձակել գրավի դիմաց։

«Ամենածանր պահերին օգնել է հավատը արդարության հանդեպ։ Մենք գիտեինք, որ անմեղ ենք», - ասաց նա։ Բարեբախտաբար, այս պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել։ Աֆրիկյան բանտում ութ ամիս մնալուց հետո հարցը լուծվել է, և Վարդանյան եղբայրներին ազատ են արձակել։