Ոստիկանները բռնել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակման մեջ կասկածվող երիտասարդին

Երիտասարդը սպառնացել էր, որ իր մոտ եղած պայթուցիկով սուպերմարկետը պայթեցնել, եթե գումարը չվճարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ոստիկաններին հաջողվել է բռնել «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող երիտասարդին։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին:

Ավազակային հարձակում 80–ն անց տատիկի վրա

Վերջինս կասկածվում է օրեր առաջ Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ:

Հունվարի 17-ին, ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը` սև գլխարկով և ակնոցով, մտել էր Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ. մոտեցել էր աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել, որ թղթի վրայի գրությունը նա կարդա։ Թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնում, որ իր մոտ եղած պայթուցիկով սուպերմարկետը կպայթեցնի, եթե գումարը չվճարեն։

Աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել էր նրան և երբ փորձել էր մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել էր փախուստի։

Ավազակային հարձակման կասկածանքով բերման ենթարկված 20-ամյա Աշոտ Մեջլումյանն է։