Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ ֆլեշ մոբ կազմակերպել

Փաշինյանը նշել է, որ Կապուտիկյանը հեռավոր 1959 թվականից լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Այս մասին բանաստեղծուհու 100–ամյակին նվիրված շնորհավորական ուղերձի մեջ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները կկարդան Վլադիմիրի ավտոբուսի վրա

«Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե՛ մայր հայրենիքում, թե՛ սփյուռքում»,–ասել է  Փաշինյանը։

Նա հիշել է համարձակ բանաստեղծուհուն, ով դեռևս հեռավոր 1959 թվականից լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։

«Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում»,–ասել է վարչապետը։

Իսկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պանթեոնում մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված միջոցառմանը, կարդաց նրա բանաստեղծություններից մեկը։ Ապա` Փաշինյանն առաջարկեց ֆլեշ մոբ կազմակերպել` նվիրված սիրված բանաստեղծուհու հոբելյանին և ուղիղ եթերում կարդալ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից մեկը։