ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Երևանի փողոցում ավտոմեքենայի վրա զինված հարձակում գործած անձանց։
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։
Մի խումբ երիտասարդներ, խաչմերուկում իջնելով «Օպել» ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարվածներ էին հասցրել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ Նրանցի մեկը, ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութում, կրակել էր հեռացող «Մերսեդեսի» հետևից։
Կատարվում է նախաքննություն։