ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 17-ին, Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից տղաների մի խումբ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Նրանք վնասել են ավտոմեքենան, իսկ երբ Mercedes-ի վարորդը, ամենայն հավանականությամբ իր և ուղևորների անվտանգությունից ելնելով, փախել է դեպքի վայրից, երիտասարդներից մեկը իր ձեռքի ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com:
Լրատվամիջոցի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև միջադեպը ֆիքսած ավտոռեգիստրատորի տեսանյութը:
Shamshyan.com-ն այն տեսանյութը հանրայնացրել է և վստահ է, որ «ՀՀ ոստիկանությունը, Երևանի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և նման թափթփուկներին կհայտնաբերեն ու նրանք պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում՝ հասարակությունը տեղին կբարձրաձայնի, երբ ասի՝ «Ստացվում է՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել»»: