ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել են կառավարության 12 անդամները։
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Սուրեն Պապիկյանը` տարածքային կառավարման և զարգացման, Զոհրաբ Մնացականյանը` Արտաքին գործերի, Էրիկ Գրիգորյանը` բնապահպանության, Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների, Հակոբ Արշակյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տիգրան Խաչատրյանը` տնտեսական զարգացման և ներդրումների, Ատոմ Ջանջուղազյանը` ֆինանսների, Արսեն Թորոսյանը` առողջապահության, Արտակ Զեյնալյանը` արդարադատության, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի և Դավիթ Տոնոյանը` պաշտպանության նախարար։
Այսպիսով, նշված բոլոր պաշտոնյաները վերանշանակվել են իրենց նախկին պաշտոններում, նոր կառավարության անդամներից միայն Զարուհի Բաթոյանն է, որ մինչ այդ զբաղեցնում էր նույն նախարարության փոխնախարարի պաշտոնը։
Օրենքով գոյություն ունեցող 17 նախարարություններից 12-ը, փաստորեն, արդեն նորանշանակ ղեկավարներ ունեն, մյուս 5 նախարարությունները կառավարությունը մտադիր է օպտիմալացնել` կա՛մ կրճատել, կամ միավորել այն նախարարությունների հետ։
Բայց դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում»։
Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։
Բայց Սահմանադրության համաձայն, վարչապետը պարտավոր է նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկել կառավարության անդամների թեկնածությունները։ Սահմանադրությունը կառավարության կազմավորման համար առավելագույնը 15- օրյա ժամկետ է նախատեսում:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտանում նշանակվել է հունվարի 14-ին, հետևաբար այդ ժամկետը լրանում է հունվարի 29-ին։