ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ իշխանություններին: Այս մասին կուսակցությունը նշել է տարածած հայտարարության մեջ:
«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:
Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը՝ ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:
Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում: