ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը գործարարի փաստաբանները ակնհայտ ապատեղեկատվություն են որակում։
«Իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվություն, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից»,– ասված է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:
Դատախազության հայտարարությունը, թե Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, փաստաբանները հերքում են` հավելելով, որ ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։ Հակառակ դեպքում, նրանց համոզմամբ, ՄԻԵԴ-ն ուղղակի կմերժեր իրենց միջնորդությունը։
«Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է»,– ասված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Մայրապետյանի նկատմամբ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորմանը, գործարարի փաստաբանները հիշեցնում են, որ վերջինը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, պատկան մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել ու անտեսել են բժիշկ մասնագետների կարծիքները:
Այդ անգործության հետևանքով, ըստ փաստաբանների, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և այժմ առաջացել է անհապաղ վիրահատության անհրաժեշտություն։
«Մարդու առողջական վիճակը «ուշադրության կենտրոնում պահողները» նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշատակվում է նաև, որ Մայրապետյանին թույլ չի տրվում մեկնել Գերմանիա, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը, այն դեպքում, երբ Հայաստանում նրա բուժումն անհնար է իրականացնել։
Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունն, ըստ փաստաբանների, «մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա»:
Հիշեցնենք, ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ Դատախազությունն ու վարույթն իրականացնող մարմինն ուշադրության կենտրոնում են պահում Սամվել Մայրապետյանի առողջությանը վերաբերող հարցերն ու բժիշկ մասնագետների ցուցումները, և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ: