Ինչպես հաղթահարել մանկապարտեզի տարիներով ձգվող հերթը. քաղաքապետարանի նոր դեղատոմսը

Մինչև տարվա վերջ առնվազն 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ, խոստանում են Երևանի քաղաքապետարանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը`հավելելով, որ մայրաքաղաքի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի խոսքով`Երևանում եղած առաջնային խնդիրներից է մանկապարտեզների հերթագրումը, հերթում եղածների թիվը մոտ 8000-ի է հասնում:

Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը 3.7 մլն դրամ է յուրացրել. տեսանյութ

Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:

Արդեն փետրվարի 1-ից ծրագրի առաջին փուլով հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչև տարվա վերջ առնվազն 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: