Դավիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը`Մոսկվայում տեղի ունեցած սկանդալի դերակատարներ

Սոցցանցերի օգտատերերը քննարկում են Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկը փակած հայտնի բլոգերներ Դավիթ Մանուկյանի և Կարինա Լազարյանի նոր տեսահոլովակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Երկու հայտնի ռուսաստանցի բլոգերներ Դավիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը որոշել են «BOOOM» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել։

Կարինա Լազարյանցի karinakross Instagram–ի էջում տեղադրված տեսանյութի տակ բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են հայտնվել։ Մեծամասնությունը զայրանում է Մոսկվայի կարևոր փողոցներից մեկը` Նոր Արբատը փակելու վրա։

Շատերը գրում են, որ Մանուկյանն ու Լազարյանցը բացահայտ կերպով անհարգալից վերաբերմունք են ունեցել հասարակության նկատմամբ և ճանապարհին վտանգավոր իրավիճակ են ստեղծել։ Հաճախ նրանց գրառումներում կարելի է հայհոյանքներ նկատել։

Զույգը մի քանի տեսահոլովակ ունի. իրենց տեսահոլովակների նկարահանումների ժամանակ նրանք զվարճանում են Մոսկվա–Սիթիի երկնաքերերի մոտ և առևտրի կենտրոնների նստարաններին։

Նոր տեսահոլովակում «Լյուքս» դասի ավտոմեքենաներ են ներգրավված` Mercedes և Porshe։ Մյուս ավտոմեքենաները ակտիվորեն ձայնային ազդանշան են տալիս, քանի որ այս նկարահանումը խոչընդոտում է երթևեկությանը։

Որոշ ռուսական ԶԼՄ–ներ հայտնում են, որ Նոր Արբատում նկարահանման հետ կապված միջադեպը տեղի է ունեցել աշխատանքային շաբաթվա սկզբին։ Ականատեսների խոսքով` այս ամենը տևել է մոտ մեկ ժամ։

Տեսահոլովակի նկարահանումները ոչ միայն զայրացրել են վարորդներին, այլև այդ պատմությամբ հետաքրքրվել է ճանապարհային ոստիկանությունը։ Փաստի առիթով գերատեսչությունում արդեն նախաքննություն է իրականացվում, որի ընթացքում կպարզվեն տվյալ իրավախախտմանն առնչություն ունեցող բոլոր անձինք և դատավարական որոշում կկայացվի։