Ինչ է որոշել Եվրոպական դատարանը Մայրապետյանի գործով. Դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել է Մայրապետյանի փաստաբանների տարածած տեղեկություններն ու ներկայացրել հարցի շուրջ սեփական մեկնաբանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ապատեղեկատվություն է որակել Մայրապետյանի փաստաբանների տարածած տեղեկությունները` իրենց պաշտպանյալի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման վերաբերյալ։

Դատախազությունը հայտարարում է, որ ՄԻԵԴ–ը «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մայրապետյանի իրավունքների խախտում չի արձանագրել, և նրա փաստաբանների տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

ՄԻԵԴ-ը հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել

«Հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում  է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում»,– Մայրապետյանի փաստաբաններին հակադարձում է ԳԴ–ը` հավելելով, որ դատախազությունն ու վարույթն իրականացնող մարմինն ուշադրության կենտրոնում են պահում հարցն ու բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները հիմք ընդունելով, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Հիշեցնենք`Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբն այսօր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:

Փաստաբանները նաև հայտնել են, որ ՄԻԵԴ–ը Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ դիմումատուի փաստաբաններին հրահանգելով մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը։