ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս որոշումն այսօր հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Քոչարյանի խափանման միջոցը երկարաձգելու մասին` քննչական մարմնի և խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկման արդյունքում։
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։
Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։
2019թ–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։
Դատարանը որոշում էր կայացրել երկու միջնորդությունները քննարկել մեկ վարույթում։