Երանոսյանն է որոշել ինչի վրա պիտի ոստիկանները ծախսեն փողերը. հարուցվել է նոր քրեական գործ

Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ոստիկանության աշխատողներն իրենց սոցիալական փաթեթի գումարները տրամադրել են նրա մատնանշած տուրիստական ընկերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը 2013-2018թթ. ընթացքում ոստիկանության ծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական դրամներն ուղղել է հանգստի կազմակերպմանը։ Դրա համար նրանք Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կնքել են համապատասխան պայմանագրեր։

Երանոսյանին մեղադրում են Փաշինյանին ու ցուցարարներին վնասած նռնակների կիրառման համար

Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն` նշելով, որ այս նոր հանգամանքները բացահայտվել են նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննության արդյունքում։

Այսպես` պարզվել է, որ 2013-18թթ.–ին ոստիկանության ծառայողները թեև 72 000 են փոխանցել Երանոսյանի մատնանշած կազմակերպությանը, բայց ստացել են 52 000 դրամի հանգստի ծառայություններ:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն օրենքով իրավունք է ունի տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով, բայց նրան ընտրության իրավունք, փաստորեն չի տրվել։ Նրանց փոխարեն, ըստ գործի նյութերի, որոշել է Լևոն Երանոսյանը։

Այս փաստերի հիման վրա Քննչական կոմիտեն այսօր` հունվարի 18-ին, որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից անջատել այս նոր փաստերով հարուցված գործը և այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունն իրականացնելու համար։