Երբ կներդրվի առողջապահական ապահովագրությունը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Առողջապահական ապահովագրության համակարգը ներդնելուց առաջ տեղի կունենան հանրային քննարկումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Այսօր, ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում բժիշկները կբուժվեն անվճար

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է համակարգի ընդգրկման, ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունն ու միջազգային փորձը:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին համատեղ աշխատել փաստաթղթի լրամշակման ուղղությամբ և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամանակացույցով հայեցակարգային փաստաթուղթ: