ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կկալանավորեն 2 ամսով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 2 ամսով կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:
«Դատարանը բավարարեց ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը: Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։
Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:
Աժ–ում, սակայն քվորում չլինելու պատճառով հարցն այդպես էլ քննարկման չէր դրվել։
Արտահերթ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանի ձևավորմամբ նախկին պատգամավորն արդեն զրկվել է անձեռնմխելիությունից։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: