ՌԱԴԻՈ

Բաբայան. «Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արված հայտարարությունը ողջունելի է»

Պաշտոնական Ստեփանակերտը միշտ ողջունել է այդպիսի հանդիպումները։ Խոսելով Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Sputnik
Բաբայան. «Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արված հայտարարությունը ողջունելի է»

Նրա խոսքով` նման հանդիպումները խաղաղ բանակցությունը շարունակելու կարևոր մեխանիզմներից են, նաև նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

«Հնչել են գաղափարներ, որոնք նոր են թվում, բայց բազմիցս ասվել են համանախագահների հայտարարություններում։ Օրինակ` խաղաղության գաղափարը։ Ասվել է` պետք է պատրաստել ժողովուրդներին խաղաղության. սա համապարփակ գաղափար է։ Եթե պատրաստում ենք ժողովուրդներին խաղաղության, դա ոչ միայն կարգավորում է, դա նաև հետագա գոյատևումն է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր հայատյաց քաղաքականությունից, որովհետև բռնի կերպով հակամարտության կարգավորումը բացառվում է»,–ասում է Բաբայանը։

Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախարարները Փարիզում. փորձագետի եզրահանգումները

Բայց նա նաև նկատում է`հաշվի առնելով, որ Ադրբեջանը 3 տասնամյակ բացեիբաց հայատյացություն էր քարոզում`պարզ է դառնում, որ այս գործընթացը երկար ժամանակ է պահանջելու։

«Ժողովուրդը 2 են, բայց պետությունները երեքն են։ Երբ ասում են` ժողովուրդներին պատրաստենք խաղաղության, դա ենթադրում է, որ Արցախն անուղղակի կերպով պետք է մասնակցի այս ամենին։ Սա նշանակում է, որ ամեն ինչ պետք է արվի կամավոր, ոչ բռնի կերպով։ Եվ այն, որ ձևակերպման մեջ բացակայում են ժամկետները, սա էլ է նշանակում, որ որևէ պարտադրանք չի կարող լինել»,–մեկնաբանում է Արցախի նախագահի խոսնակը։

Բաբայանի կարծիքով`այս ամենը շատ ողջունելի է, և պետք է աշխատել այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 16–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել է Արցախի հարցերով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։

«Նախարարներն ու համանախագահները ուսումնասիրել են հետևյալ քայլերը` Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հավանական գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին, բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար: Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ», – ասված է հայտարարության մեջ։

Համանախագահներն ընդգծել են նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։