Թբիլիսիի պայթյունի հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան. դեսպանատուն

Թբիլիսիի պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի թվում հայեր չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ ու հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը` ցավակցություն ու զորակցություն հայտնելով ողբերգական դեպքի զոհերի հարազատներին ու վրացի ժողովրդին։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Երեկ` հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 4 մարդ, 8–ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։