Միտու՞մ, թե՞ անփութություն. շախմատի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է

Միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատային դպրոցն այլևս չի ֆինանսավորվում և չի գործելու: Հայ անվանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը կարծում է, որ դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելը միտում ունի:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է, ու թեև մարզումները շարունակվում են, 2019 թվականին դպրոցն արդեն կարող է չգործել:

Այն, որ Հայաստանը շախմատային գերհզոր երկիր է գաղտնիք չէ: Եվ շատ քիչ ոլորտներ կան, որտեղ մեր երկիրը կարելի համարել գերհզոր: Ունեցել ենք, ունենք ու հուսով ենք, որ ունենալու ենք համաշխարհային բարձր մակարդակի շախմատիստներ: Գաղտնիք չէ նաև այն, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային

Հաճախ ենք ասում, որ երկրում իրավիճակ է փոխվել ու պարզ է, որ այդ փոփոխությունները կարող են լինել յուրաքանչյուր ոլորտում: Բայց ինչ միտք ունի փաստացի փակել շախմատային այն դպրոցը, որը մեղմ ասած «հաճելի պտուղներ» է տալիս: Գաբրիել Սարգսյանը նշեց, որ սկզբում այն կարծիքին էր, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել և դպրոցի ֆինանսավորումը կվերականգնվի: Բայց վերջին օրերին «Հայկական ժամանակ» օրաթերթում դպրոցի ֆինանսավորման հետ կապված հոդվածին ծանոթանալով` շախմատային երեք օլիմպիադաների չեմպիոնը համոզվել է, որ դպրոցը փակելու միտում կա:

Գրոսմայստերական դպրոցի սաները 2018 թվականին հայ շախմատիստների նվաճած մեդալների ու տիտղոսների առյուծի բաժինն են ապահովել: Այսինքն` դպրոցն առավել քան արդյունավետ է գործում: Ամսական 1,5 միլիոն դրամը, որը դպրոցի աշխատանքն ապահովող գումարն է, շատ մեծ համարել չի կարելի: Չորս գրոսմայստերներ աշխատում են ու մարզում ապագա չեմպիոններին, գումարած՝ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը առիթը բաց չեն թողնում իրենց օգնությունը ցուցաբերելու համար:

Հայ շախմատիստները բարձրակարգ խաղ են ցուցադրել Բաթումում

Չորս մարզիչներից Արման Փաշիկյանը, որը համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, Գաբրիել Սարգսյանի խոսքերով` ունի հրավեր բազմաթիվ այլ երկրներից, բայց աշխատում է Հայաստանում:

Իսկ թե հետո ինչ ճակատագիր է սպասվում դպրոցի սաներին, արդեն ցույց կտա ժամանակը: «Անկախ ամեն ինչից ես ու Լևոն Արոնյանը շարունակելու ենք աջակցել պատանի կամ երիտասարդ շախմատիստներին մեր հնարավորության չափով»- նշեց Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստերը տեղեկացրեց, որ շախմատային դպրոցը ֆինանսավորելու ցանկություն են հայտնել արտասահմանից. այժմ որոշակի չէ՝ դպրոցը կգործի, չի գործի, թե՞ կգործի արդեն լրիվ այլ ձևով:

Անհասկանալի է մի բան`ինչու՞ է դադարեցվել դպրոցի ֆինանսավորումը: