Երեխաների օրգանների վաճառքի թեման հասավ ԱԺ. նախկին նախարարը հայտարարեց` իրեն սպառնացել են

Նախկին նախարարը խոստովանում է`երեխաների օրգանների վաճառքի կասկածներ ունեցել է դեռ 10 տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց` որդեգրվող երեխաների օրգանների վաճառքի վերաբերյալ կասկածներ ունեցել է դեռ 10 տարի առաջ։

«2009թ.–ին, երբ ես ղեկավարում էի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անդրադարձա այդ հարցին, և ինձ զգուշացրեցին` դու շատ վտանգավոր խաղ ես խաղում» ,– ասաց Պետրոսյանը։

Երեխաները՝ որպես օրգանների դոնոր և ավտոշանտաժ. Փաշինյանի պես շատերի ճնշումը կբարձրանա

Նա նաև շեշտեց, որ արտերկրից հայ երեխաներին որդեգրում են հիմնականում հարուստ մարդիկ։

«Երկու միլիարդատեր, ասենք` բելգիացի, գալիս են ՀՀ–ից հոգեկան հիվանդ որդեգրելու։ Պարզ չէ՞` ինչի համար էին որդեգրում։ Կասկածներ կային, որ այդ երեխային, նրա մարմնի մասերը, օրգանները նրանք հետագայում օգտագործելու են այլ նպատակներով»,– ասաց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորն առաջարկում է «մանրադիտակով նայել որդեգրման բոլոր դեպքերն» ու հնարավորինս խստացնել օպտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ–ի երեխաների որդեգրման գործընթացը` դարձնելով գրեթե անհնարին։

Հիշեցնենք` հունվարի 9-ին կառավարության նիստի ընթացքում, երեխաների որդեգրման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դեռևս փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեխաներին որդեգրում են նրանց օրգանները վաճառելու նպատակով: Իսկ երբ հայտարարությունն անհանգստացրեց կառավարության անդամներին ու վարչապետին, Միրզոյանը հավելեց՝ ըստ օդում կախված լուրերի: