Թուրքիայում ճնշում են ընդդիմությանը ընտրությունների նախօրեին. ի՞նչ է սպառնում Փայլանին

Փայլանն, ի տարբերություն շատերի, չի խուսափում ուղղակիորեն ու խստորեն քննադատել երկրի ղեկավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունը փորձում է ամեն կերպ սահմանափակել ընդդիմության ակտիվությունը տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների նախօրեին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը` մեկնաբանելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ գործը։

Գեղամյան. «Իշխանությունն ամեն բան անելու է, որ ընդդիմադիրների քայլերը սահմանափակ լինեն»

Դիարբեքիրի դատախազությունը քննություն է սկսել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի խախտման հատկանիշներով (թուրք ազգի կամ կառավարական կառույցների վիրավորանք կամ ստորացում)։ Փաստաթղթերը հավաքել ու Արդարադատության նախարարություն են ուղարկել, որը հետաքննություն անցկացնելու թույլատվություն է տվել։ Բացի այդ, դատախազությունը խորհրդարան է դիմել Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։

Գեղամյանի խոսքով` հիմնական պատճառը տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններն են, որոնք ներքին քաղաքականության տեսակետից մեծ նշանակություն ունեն։ Թեև իշխող կուսակցությունը նախորդ տարի ընտրություններում հաջողություն էր ունեցել, ընդդիմությունը տեղական ընտրություններում մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի։

«Մասնավորապես, խոսքը մեծ քաղաքների` Ստամբուլի ու Անկարայի մասին է։ Մեծ հավանականություն կա, որ ընդդիմությունը լուրջ ձայներ կստանա։ Իշխանությունը կանի ամեն բան, նրանց հնարավորությունները սահմանափակելու համար», – նշեց Գեղամյանը։

Իսպիրյան. «Սիրիան Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ»

Ընդդիմության առավել ակտիվ ու անզիջող ներկայացուցիչները ճնշման են ենթարկվում, նրանց թվում է Կարո Փայլանը։ Վերջերս նա աչքի էր ընկնում ինչպես հրապարակային ելույթներով, այնպես էլ սոցցանցերում գրառումներով։

Գեղամյանի խոսքով` թեև Փայլանը ընդդիմության առաջնորդների շարքում չէ, պետք է նշել, որ նա համարձակ է. նա չի փորձում, ինչպես շատ այլ մարդիկ, խուսափել իշխանության հասցեին խիստ քննադատությունից։

«Մյուս կողմից էլ կարծես նա որոշակի պաշտպանություն ունի` իր ազգության տեսքով։ Իշխանությանը կրկնակի դժվար է ճնշել կամ կալանավորել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին։ Կարծում եմ` մինչ ընտրությունները նրան ոչ մի լուրջ բան չի սպառնում։ Թեև պետք չէ ամբողջովին բացառել, որ գործը դատարան կհասնի», – նշեց Գեղամյանը։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին` ապա թյուրքագետը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունը շուտով նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ կմշակի, որի անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների անորոշությամբ։

Կարո Փայլանին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից և դատել

«Միաժամանակ տարածաշրջանն ու աշխարհը փոխվում են, դա վկայում է այն մասին, որ պետք է լինել ընթացիկ հարցերում ճկուն, պետք է պատրաստ լինել տարատեսակ սցենարներին, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը», – նշեց Գեղամյանը։

Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է՝ Թուրքիայի նախագահին և թուրք ժողովրդին վիրավորելը։

Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում հայկական «Հորիզոն» շաբաթաթերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին խոսելու համար։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Թուրքիայում կկայանան 2019 թվականի 31–ին։