Մոսկվայում կկառուցվի առաջին հայ կաթողիկե եկեղեցին

Ըստ պաշտոնական տվյալների, Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 հայ կաթողիկե ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթոլիկների թիվը մոտ 100.000 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և  Արևելյան Եվրոպայի  հայ կաթողիկե  առաջնորդարանից։

Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

Հունվարի 11-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և  Արևելյան Եվրոպայի  հայ կաթողիկե  առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի Ռուսաստան կատարած հովվական այցից հետո Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ Մոսկվայի քաղաքապետարանի Քաղաքաշինական-հողային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Մոսկվայի հայ կաթողիկե համայնքին հանձնելու հողատարածք՝ եկեղեցու կառուցման համար:

Հողատարածքը Մոսկվայի Հարավային Բուտով շրջանում է և կազմում է 0,7 հա: Հանձնաժողովի քարտուղար Անաստասիա Պյոտվան ասել է, որ հողատարածքը կտրամադրվի Հայ Կաթողիկե Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ժողովրդապետությանը՝ 9 տարի անհատույց օգտագործման իրավունքով,եկեղեցու և հոգևոր-մշակութային կենտրոնի նախագծման և կառուցման համար: Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000 քառակուսի մետր, իսկ հոգևոր կենտրոնը՝ մոտ 850 քառակուսի մետր: Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Մոսկվայի առաջին հայ կաթողիկե եկեղեցին՝ ողջ պատմության ընթացքում:

Ըստ պաշտոնական տվյալների, Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 հայ կաթողիկե ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթոլիկների թիվը մոտ 100.000 է։