«Ոտքից գլուխ ծակոտկեն զուգագուլպայով». Քարդաշյանն ապշեցրեց Հոլիվուդին Լեջենդի երեկույթում

Սակայն զգեստն ավելի շատ գրավել է ոչ թե էրոտիկությամբ, այլև ձևով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել իր ոչ սովորական, էրոտիկ զգեստի համար, որով նա ապշեցրել է Հոլիվուդի կարկառուն ներկայացուցիչներին՝ հայտնի երգիչ Ջոն Լեջենդի հոբելյանի տոնակատարության ժամանակ։

Դեկտեմբերի 28-ին Լեջենդը դարձավ 40 տարեկան, սակայն հոբելյանը նա որոշեց նշել այս հանգստյան օրերին և շքեղ ձևով։ «Բոնդիանայի» ոճով կազմակերպած երեկույթին նա հրավիրել էր համաշխարհային մեծության աստղերի, այդ թվում Քիմ Քարդաշյանին և նրա ոչ պակաս հայտնի ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, ինչպես նաև այս հայտնի ընտանիքի մյուս անդամներին` Քորթնի Քարդաշյանին և Քրիս Ջեներին։

Լեջենդը` Ջեյմս Բոնդի ոճով սպիտակ սմոքինգ էր հագել, իսկ նրա 33-ամյա կինը` Քրիսի Թեյգենը` ոսկեգույն զգեստ։

Սակայն Քարդաշյանի զգեստն ավելի շատ գրավեց ոչ միայն էրոտիկությամբ, այլև իր ձևով։ 38-ամյա հեռուստաաստղի երկրպագուներն ու նրան չսիրողները միաձայն նշեցին նրա սև ժանեկավոր կոմբինեզոնի ինքնատիպությունը, պարզապես ոմանք դրական, ոմանք էլ բացասական առումով։

«Սա ոչ թե զգեստ է, այլ ոտքից գլուխ ինչ–որ ծակոտկեն զուգագուլպա», – գրել են համացանցում ակտիվ օգտատերերից ոմանք։

Երեկույթի մասնակիցները գեղեցիկ ֆոտոնկարահանում կազմակերպեցին։ Այդ նպատակով տունը ձևավորել էին լավագույն կազինոների ոգով. այստեղ տեղ գտան նաև պոկերի սեղանները, ռուլետկան և շքեղ ջահերը։