ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված է եղել նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:
Հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները: