ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Նորընտիր պատգամավորներն աստիճանաբար մտնում են իրենց աշխատանքային հունի մեջ։ Այսօր` ԱԺ–ի երրորդ աշխատանքային օրը գրանցվեց նաև 7-րդ գումարման ԱԺ—ի առաջին լուրջ վիճաբանությունը։
Վիճողներն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն էին։
Վեճը սկսվեց այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում հայտարարեց ՀՀ որոշ դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների, այդ թվում` Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի կատարած հանցագործությունների մասին։ Նրա որդին` Դավիթ Մանուկյանը, ով ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավոր է, ելույթի ընթացքում տեղից արձագանքեց` կարճ կապի և դուռը շրխկացնելով դուրս եկավ դահլիճից: Նրան հետևեցին նաև այլ ԲՀԿ-ականներ:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ելույթը նվիրեց Բաբաջանյանի ելույթին պատասխանելուն։ Նա պնդեց, որ Բաբաջանյանի ելույթն անհիմն էր ու համեմված ադրբեջանական քարոզչության թեզերով։
«Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից ադրբեջանական թեզերն առաջ բրդել: Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-ասաց Աբովյանը՝ հավելելով, որ թույլ չի տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի:
Ամբիոնից ելույթ ունեցող Աբովյանին տեղից պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որին էլ իր հերթին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը։ Մարուքյանն ու Մադաթյանը ոտքի կանգնեցին, վեճն ավելի թեժացավ, Արման Աբովյանն իջավ ամբիոնից ու փորձեց մոտենալ վիճողներին։
Այդ պահին բորբոքված պատգամավորներին կարգի հրավիրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հերթագրվեք և ամբիոնից խոսեք։ Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարևոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ ու նախագահության նկատմամբ: Հետայսու, եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:
Վիճող տղամարդ գործընկերներին բաժանեցին կանայք` Մանե Թանդիլյանն ու Նաիրա Զոհրաբյանը։