Մարդուն ստիպողաբար ու ապօրինի պահել են հոգեբուժարանում

ՄԻՊ–ի այցի արդյունքում կատարված բացահայտումներով հարուցվել են քրեական ու վարչական վարույթներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Նուբարաշենի հոգեբուժարանում կատարված բացահայտման հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում հոգեբուժարանում արձանագրվել են խախտումներ և տրվել են հանձնարարականներ։ Իսկ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:

ՄԻՊ–ի չհայտարարված այցը Նուբարաշենի հոգեբուժարան տեղի էր ունեցել 2018թ.–ի հոկտեմբերի 25-ին։ Այցի ընթացքում պաշտպանն արձանագրել էր, որ չափահաս և գործունակ անձը հոգեբուժարանում է պահվում ապօրինի, իր կամքին հակառակ, այն դեպքում, երբ առկա չէ ստիպողական բուժման անհրաժեշտություն ու ընթացակարգեր։

Տվյալ անձը կարողացել է լքել հոգեբուժարանը միայն ՄԻՊ ներկայացուցչի միջամտությունից հետո։