2018թ–ի բյուջեն գերակատարվել է. Անանյան

Փաստացի բյուջեն գերազանցել է նախատեսված ցուցանիշը։ Հիմնական պատճառը նոր մեթոդաբանությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. 2018թ.–ի բյուջեյով նախատեսված է եղել 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ, փաստացի բյուջեն կազմել է 1 տրիլիոն 306 մլրդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ 2017թ.-ի համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս:

Նվազել են այն թվերը, որ նախկինում ուղղվում էին փոշիացմանը. փոխքաղաքապետի պարզաբանումները

Դավիթ Անանյանը հստակեցրեց, որ հարկային մարմի կողմից հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ 2017-ի համեմատ 194 մլրդ կամ 22.1 տոկոս ավելի գումար է հավաքագրվել։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 335 մլրդ կամ 17.5 մլրդով ավելի գումար: Հարկային և մաքսային ծառայությունների միասին համախառն մուտքերը կազմել են 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9 տոկոսով ավելի:

«Նոր մեթոդաբանությամբ 2018 թվականին փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 257.9-ը: Ըստ էության՝ գանձապետական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ: Եթե հավաքագրված զուտ հոսքերից 1 տրիլիոն 306-ից հանում ենք 48.1 ստանում ենք 1 տրիլիոն 257.9 զուտ եկամուտներ: Մի կարևոր բան կցանկանայի ասել` նախորդ տարիների ցուցանիշները համադրելի չեն 1 տրիլիոն 257.9-ի հետ, որովհետև նախորդ տարվա ցուցանիշներում ներառված են կանխավճարները կամ գերավճարները: 2018 թվականը միակ տարին է, որտեղ զուտ եկամուտն է հաշվառված, այսինքն՝ հանված են բոլոր գերավճարները»,-ասաց նա:

Պետության պարտքը հարկ վճարողներին անցնող տարում նվազել է։ Եթե տարեսկզբին պարտքը կազմել է 132.7 մլրդ դրամ, ապա տարեվերջին այն հասցվել է 21.5 մլրդ-ի: