Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է

ՀՀ երկրորդ նախագահի թիմը հայտարարություն է տարածել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է: Այս մասին «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ - ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» Facebook-ի էջում գրառում է արել փաստաբանական թիմի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը:

Քոչարյանի փաստաբանները շուրջ 18 տեսանյութ են ներկայացրել դատարան

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է:

Միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ»,-գրել է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ միջնորդությամբ նշվել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ ապօրինի է:

Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է. փաստաբանները հայց կներկայացնեն Եվրոպական դատարան

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Приходите завтра. Ռոբերտ Քոչարյանի գործը կրկին հետաձգվեց

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը, որի ժամկետը լրանում է փետրվարի 7-ին, ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։