ՌԴ ԱԳՆ–ն գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն ռուսաստանցիների խտրականության հարցով

Բաքուն կրկին հավաստիացրել է Մոսկվային, որ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրականության հետ կապված խնդիրները կարգավորելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը գրություն է ստացել Ռուսաստանի ԱԳՆ–ից` կապված երկրի օդանավակայաններում Ռուսաստանի հայ քաղաքացիների հանդեպ խտրականության թեմայի հետ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրներին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի թեմայով

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ հավաստիացրել է ռուս գործընկերներին, որ քայլեր կձեռնարկվեն խնդիրը կարգավորելու համար», – նշեց գործակալության զրուցակիցը։

Հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայերի մուտքն Ադրբեջան թույլ չտալու բողոքների մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանից  ազգային պատկանելության համար արտաքսելն իրավունքների կոպիտ խախտում է։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29–ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։

Նա ցանկացել է Նոր տարին անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային սեղանի մոտ նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։