ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Իմ քայլը» իշխող դաշինքը նախապատվությունը տվեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին որպես ընդդիմությունը ներկայացնող երրորդ փոխխոսնակ` հնարավոր շահարկումներից խուսափելու և անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին ասեկոսեներից խուսափելու համար։
Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Երեքշաբթի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ աջակցեցին «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը երրորդ փոխխոսնակի պաշտոնում։ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանը պարտություն կրեց. նրա օգտին քվեարկել է ընդամենը 19 պատգամավոր։
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամները բազմիցս հայտարարել են, որ փոխխոսնակի պաշտոնում տեսնում են ԲՀԿ թեկնածուին, քանի որ այն խորհրդարանական ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, և ԲՀԿ–ի օգտին ընտրությունը տրամաբանական է։
Բադալյանը համաձայն է այդ բացատրության հետ։ Նա նշեց, որ խորհրդարանում ուժերի դասավորությունը և բաշխումը պետք է արտացոլեն ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել 2018թ–ի դեկտեմբերի 9–ին։
«Իմ քայլը» դաշինքի պահվածքը տվյալ դեպքում, որպես «սիրելի ընդդիմություն», ԲՀԿ շահերը խրախուսել չէ, այլ դեկտեմբերյան ընտրությունների արդյունքների պարզ արձանագրում, կարծում է քաղտեխնոլոգը։
«Կարծում եմ, որ «Լուսավոր Հայաստանին» ոչինչ չի խանգարել իր քարոզարշավն ավելի լավ կազմակերպել, ավելի շատ ձայներ ստանալ և ստանալ փոխխոսնակի աթոռը։ Բայց այն ստացել է «բրոնզե մեդալ»` զբաղեցնելով երրորդ տեղը», – ասաց Բադալյանը։
Նրա կարծիքով, եթե պատգամավորները Թանդիլյանին ընտրեին փոխխոսնակի պաշտոնում, ապա դա կհակասեր քաղաքական գործընթացների տրամաբանությանը։ Իշխող ուժին կմեղադրեին «Լուսավոր Հայաստանի» հետ անդրկուլիսային պայմանավորվածությունների մեջ։
Սակայն պարադոքսն այն է, որ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչը ստանձնել է ընդդիմադիր փոխխոսնակի լիազորությունները, նույնիսկ վախենում է արտասանել «ընդդիմություն» բառը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անցած երկուշաբթի լրագրողների հետ զրույցում երկար և համառորեն խուսափում է ԲՀԿ–ն ընդդիմություն անվանելուց, իսկ բազմաթիվ հարցերին պատասխանեց խուսափողական և ոչ այդքան հասկանալի արտահայտություններով։
Կարելի՞ է արդյոք դրանից հետո ԲՀԿ–ին լուրջ ընդունել` որպես ընդդիմադիր ուժ, հետաքրքրվեցինք մենք փորձագետից։ Բադալյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանի» որակը` որպես ընդդիմություն, պետք է որոշի հենց կուսակցությունը, այլ ոչ թե իշխանությունները։ Փաշինյանը և նրա ուժը տվյալ դեպքում հետևում են քաղաքական գործընթացների տրամաբանությանը և նորմերին, և եթե «բարգավաճները» միայն ձևական ընդդիմություն են, ապա դա նրանց խնդիրն է, ոչ թե իշխանությունների։
«Ընտրողներն իրենց ապագա ընտրություններում գնահատական կտան ԲՀԿ–ի կեցվածքին։ Նրանք պետք է իրենց համար պարզեն, թե արժե՞ արդյոք ձայն տալ կուսակցությանը, որը չունի իր առանցքը, կուսակցության, որի առավելությունը տվյալ պահին Գագիկ Ծառուկյանի կերպարն է, կուսակցության, որը նոր ուղերձներ և տեսլականներ չունի», – ասում է Բադալյանը։
Միաժամանակ, սխալ կլիներ ուշադրությունը սևեռել միայն ԲՀԿ–ի վրա։ Ընդդիմադիր ուժի առաջատար դերի հավակնող «Լուսավոր Հայաստանը» նույնպես միշտ չէ, որ հետևողական է եղել իր գործողություններում։ Եթե այն իրական ընդդիմություն է, ապա անհասկանալի է, թե ինչու բոլորը մի մարդու նման քվեարկեցին Արարատ Միրզոյանի օգտին, տարակուսում է Բադալյանը։
Նրա կարծիքով` տվյալ դեպքում խնդիրը ոչ թե Միրզոյանն է, այլ այն, որ «Լուսավոր Հայաստանը» ցույց չի տալիս, որ պատրաստ է իրական ընդդիմություն դառնալ։ Նման իրավիճակում «ընդդիմություն» հասկացությունը արժեզրկվում է, ինչը կհանգեցնի քաղաքական դաշտի և հասկացությունների խեղաթյուրման։