Բարգավա՞ճ, թե՞ Լուսավոր. խորհրդարանում պայքարը շարունակվում է

ԱԺ-ում փոխնախագահի պաշտոնի շուրջ ընդդիմության պայքարը շարունակվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի– Sputnik. Ինչքան ասեք, մենք պետք է պատասխանենք: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ԲՀԿ-ին հիշեցնելով, որ նրանց կուսակից նախարարներն են որակվել հակահեղափոխական ու հեռացվել պաշտոնից:

«Մեր կռիվը ձեզ հետ չէ, իշխանության հետ է, մի մտեք այդ արանքը: Մենք իշխանությանն ենք ասում, դուք մի խառնվեք»,- հայտարարեց Մարուքյանը: Ի պատասխան հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «Ես պարոն Մարուքյանի՝ մեր կլասիկ պատգամավորի հետ որևէ խնդիր չունեմ»:

ԱԺ-ի աշխատանքի մեկնարկից մեկ օր անց պատգամավորը հրաժարվել է մանդատից

Նա հիշեցրեց, որ ԱԺ պատգամավոր ընտրվելու առիթով անձամբ է շնորհավորել Մարուքյանին: «Իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը, որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե կարելի էր «Իմ քայլին» էլ հանել, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «մեզ մինչև չվիրավորեն, մենք չենք պատասխանի»:

Հակառակ դեպքում Ծառուկյանը խոստացավ խոսել փաստերով ու ներկայացնել իրենց խոսքերը հաստատող տեսանյութեր: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը առանցքային են համարում, ուստի, թեժ քննարկումների արդյունքում, որոշել են իրենց ձայնը տալ ԲՀԿ ներկայացուցչին: Իր խոսքերով ասած՝ ժողովրդի առավել մեծ վստահությանը, ժողովրդի քվեին արժանացած քաղաքական ուժին:

Նշենք, որ ԱԺ նախագահն, ըստ ՀՀ Սահմանադրության, ունի 3 տեղակալ, որից 2-ը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ուԱլեն Սիմոնյանի թեկնածությունները: Հիշեցնենք` այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճիշտ է, որպեսզի այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ հավաքած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: Օրենքը, սակայն, նման կարգավորում չի նախատեսում, և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա: ԱԺ նախագահի պաշտոնում 7-րդ գումարման խորհրդարանն ընտրել էր երեկ՝ հունվարի 14-ին՝ աշխատանքային առաջին օրը: Արարատ Միրզոյանն այդ պաշտոնում ընտրվել էր միաձայն: