Մեղադրանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը մատնացույց է արել Սահմանադրությունը խախտողներին

Նախկին նախարարը հիշեցրել է, որ արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ով է խախտում սահմանադրությունը» վերնագրով ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել է «Մարտի 1–ի» գործով իր հանդեպ մեղադրանք առաջադրելու, արդարադատության նորովի դրսևորումներին և դրանից բխող վտանգներին։

Նախկին նախարարը Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները համարում է ոտնձգություն երկրի մայր օրենքի նկատմամբ:

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. Դատախազությունը հաստատեց

«Իմ նկատմամբ դրա վառ ապացույցն են` «Մարտի 1-ի» գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը, երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները, 2018 թ․դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ. 40),

դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ․ 31), 2018 թ․դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը»,–նշում է Սեյրան Օհանյանը և հարց բարձրացնում, արդյո՞ք Սահմանադրությունը ոտնահարողներն իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։

«Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար»,–գրել է Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը հիշեցնում է իր անցած մարտական ուղին և անհասկանալի ու տագնապալի համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը։ Նա զգուշացնում է, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը։

«Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։

Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի»,–գրել է Օհանյանը։

Նախկին նախարարը հիշեցրել է, որ արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 14–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: