Դատարանն ուսումնասիրում է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը

Եթե պաշտպանությունը դատարանի կազմի ձևավորման մեխանիզմի վերաբերյալ հարցեր չունենա, կանցնի երկու հիմնական միջնորդությունների քննարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ուսումնասիրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու միջնորդությունները`  նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատելու։

Նախօրեին դատարանը մերժել է երկրորդ նախագահի փաստաբանների` դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Դատական նիստը կշարունակի վարել դատավոր Արթուր Մկրտչյանը։

Մեղադրանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը մատնացույց է արել Սահմանադրությունը խախտողներին

Ինչպես նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը, նա տեղեկություն է սպասում դատարանի նոր կազմի ձևավորման սկզբունքների մասին, դրանից է կախված ինքնաբացարկների մասին նոր միջնորդություններ ներկայացնելը։

«Եթե դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտություն լինի, մենք այդ հարցը կբարձրացնենք։ Եթե հիմքեր չլինեն կամ մեր միջնորդության պատասխան տրվի, ապա գործի քննարկումը կշարունակվի։ Մենք պնդելու ենք, որ նախկինում ներկայացրած երկու միջնորդությունները չմիացնեն, քանի որ դրանք տարբեր ժամանակաշրջանների են և ֆորմալ առումով տարբեր հարցերի են վերաբերում», – ասաց Օրբելյանը։

Բանն այն է, որ նրա խոսքով, դատական գործընթացի ընթացքում մեղադրանքը փոխվել է։ Հոդվածը նույնն է մնացել, սակայն մանրամասները փոփոխվել են։

Պաշտպանությունը պնդելու է, որ սկզբում քննարկվի գրավի դիմաց ազատ արձակելու հարցը, և այդ հարցի վերաբերյալ որոշում կայացվի, որից հետո, եթե գրավի մասին միջնորդությունը մերժեն, կարելի կլինի անցնել խափանման միջոցը փոխելու հարցին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Օրբելյանը չբացառեց, որ խափանման միջոցը փոխելու հարցով հնարավոր կլինի ներկայացնել նաև գրավի մասին ևս մեկ միջնորդություն։

Հիշեցնենք նաև` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու մասին միջնորդությունը ներկայացրել են նրա փաստաբանները, իսկ նախաքննական մարմինը դիմել է դատարան նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ:

Ի դեպ, նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ, որտեղ պետք է քննվեր կալանքը գրավով փոխարինելու հարցը, դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտնել: Օրեր անց այդ դատական գործիչ հրաժարվել էր նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: