Սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է H1N1 գրիպ

Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Ի դեպ, գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2–րդ դեպքն է սա հանրապետությունում։ Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած:

Հայաստանում H1N1 գրիպի պատճառով մեկ մարդ է մահացել

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը`հավելելով, որ Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:

Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել: