ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տեղակալներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը և ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը: Ինչպես ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, փակ գաղտնի քվեարկության արդյունքում պատգամավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Ալեն Սիմոնյանն ստացել է 109 կողմ 20 դեմ ձայն, Լենա Նազարյանը ստացել է 124 կողմ և 3 դեմ ձայն: Վահե Էնֆիաջյանին կողմ է քվեարկել 108, Մանե Թանդիլյանին՝ 19 պատգամավոր: Այսպիսով` ԱԺ փոխնախագահներ են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանը ընտրապայքարում իրեն պարտված Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրեց:
Նշենք, որ ԱԺ նախագահն, ըստ ՀՀ Սահմանադրության, ունի 3 տեղակալ, որից 2-ը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Հիշեցնենք, այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճիշտ է, որպեսզի այդ պաշտոնը կստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: Օրենքը, սակայն, նման կարգավորում չի նախատեսում, և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա: ԱԺ նախագահի պաշտոնում 7-րդ գումարման խորհրդարանն ընտրել էր երեկ՝ հունվարի 14-ին՝ աշխատանքային առաջին օրը: Արարատ Միրզոյանն այդ պաշտոնում ընտրվել էր միաձայն: