«Բարգավաճ Հայաստանը» քննարկումներ է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ

ԱԺ հանձնաժողովների անվանման շուրջ խորհրդարանային ուժերից մեկը քննարկումներ է ունեցել Ռուսաստանի իշխող կուսակցության հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. Հայաստանի խորհրդարանում ստեղծվող հանձնաժողովի անվան շուրջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդակցել է ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Այս մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Խոսքը ԵԱՏՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին է:

Նոր ԱԺ. շուրջբոլորն անծանոթ դեմքեր են

«Այս հիմնախնդրի մասին մենք խոսել ենք դեռևս 2018թ-ի նոյեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունով ժամանել էինք Մոսկվա: Եվ «Եդինայա Ռոսիա» կուսակցության մեր գործընկերների հետ քննարկել ենք նաև այս հարցերը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ և ԱԺ-ում ինտեգրման հարցերով հանձնաժողով ունենալը տեղին կլիներ»,- ասաց Էնֆիաջյանը:

Նրա խոսքով` ռուսաստանցի գործընկերների հետ քննարկումներն ուղղված են եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու և այդ մեծ շուկայից լիիրավ օգտվելու հարցերին:

«Մենք «Եդինայա Ռոսիյա» կուսակցության հետ համագործակցության պայմանագիր ունենք դեռ 2009թ.-ից։ Ամենատարբեր հարցերն ենք քննարկում և գտնում ենք, որ ՀՀ-ում պետք է ամենաբեկումնային կերպով իրավիճակ փոխվի տնտեսության մեջ, ասել է թե՝ տնտեսական հեղափոխություն տեղի ունենա»,- ասաց Էնֆիաջյանը:

Ի դեպ, Հանձնաժողովի անվան մեջ ԵԱՏՄ եզրույթը ներառելու նույն առաջարկով ԱԺ-ում հանդես է եկել նաև մյուս ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նոր խորհրդարանը որոշել է ավելացնել հանձնաժողովների թիվը

Նշենք, որ Աժ ներկայացված հանձնաժողովների կազմավորման մասին նախագծով նախատեսվում է նշված հանձնաժողովն անվանել Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Այն զբաղվելու է Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերով, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցմամբ, միասնականացմամբ և այդ ոլորտները կարգավորող օրենքներով; Հանձնաժողովն ունենալու է 11 անդամ:

Ի դեպ, ԲՀԿ-ն նաև հավակնում է ղեկավարել այս հանձնաժողովը:

Ինչպես ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երեք խմբակցությունների համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել հանձնաժողովն անվանել «ԵԱՏՄ և տարածաշրջանային ինտեգրման հարցերով հանձնաժողով» ու դրա նախագահի պաշտոնը հանձնել ԲՀԿ-ին:

ԲՀԿ-ին է հանձնվելու նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը: Իսկ «Լուսավոր Հայաստանը» կստանա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկը:

Հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումից հետո նրանց ընտրությունը կիրականացվի փակ գաղտնի քվեարկությամբ:

Հիշեցնենք` 7-րդ գումարման խորհրդարանում որոշվել է նախկին 9-ի փոխարեն ունենալ 11 մշտական հանձնաժողով: