ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Նորընտիր Ազգային ժողովն իր նստաշրջանը սկսեց օրակարգում ունենալով 7 հարց: Դրանց հիմնական մասն արդեն ընդունվել է՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ու նրա երեք տեղակալների ընտրություն, ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծում:
5-րդ հարցը՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն այսօր ընդհատվեց ու կավարտվի վաղը:
Իսկ դրանից հետո, թեև օրակարգը դեռ սպառված չէ, բայց խորհրդարանը ստիպված կլինի ընդհատել նիստը: Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված վերջին 2 հարցերը՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն ու Կառավարության ծրագրի նախագիծն այս պահին ԱԺ-ում պարզապես գոյություն չունեն:
«Լուսավոր Հայաստան» Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց՝ փնտրել է այդ նախագծերն ԱԺ-ի կայքում, բայց չի գտել:
«Սա լուրջ բացթողում է: Կա՛մ մենք պետք է դնենք ԱԺ կայքում ու հետո քննարկումներ ծավալենք, կա՛մ ես ենթադրում եմ, որ այդ նախագծերը դեռևս չեն բերվել»,- ասաց պատգամավորը:
Կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխության մասին պատկերացում Մանե Թանդիլյանը ստացել է բացառապես մամուլում առկա հրապարակումներից , և ունի որոշ մտահոգություններ, որոնց մասին դեռ վաղ է համարում խոսել: «Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, երբ պաշտոնական նախագիծը կներկայացվի ԱԺ, իսկ այս պահին դեռ վստահ չենք, թե ինչ տեսքով է այն հասնելու խորհրդարան՝ այն տեսքով, որով ներկայացվել է մամուլում, թե այլ»,- ասաց Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի նախկին խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց՝ կառավարության կառուցվածքի փոփոխության ու կառավարության գործունեության ծրագրի նախագծերն, իրոք, դեռ ԱԺ չեն բերվել, դրանք նույնիսկ կառավարությունը դեռ չի ընդունել:
«Այս հարցերը կառավարությունը պետք է նախաձեռնի: Կառավարությունը դեռ չի նախաձեռնել, հետևաբար այդ երկու հարցերը չեն քննարկվելու»,- ասաց նա:
Ու չնայած, կառավարությունը դեռ չի շտապում այդ նախագծերը խորհրդարան բերել, բայց Նիկոլայ Բաղդասարյանը դրանք շատ կարևոր է համարում Հայաստանի զարգացման համար:
«Պետական համակարգի բարեփոխումները ես ավելի վեր եմ դասում, քան դատաիրավական բարեփոխումները: Դրանք ամենակարևոր փոփոխություններն են»,- ասաց նա:
Իսկ թե այդ կարևոր փոփոխությունները, երբ կներկայացվեն խորհրդարան, մեր զրուցակիցը դժվարացավ ասել:
Հիշեցնենք, ՀՀ Սահմանադրությունը կառավարության կազմավորման համար առավելագույնը 15- օրյա ժամկետ է նախատեսում: Սահմանադրության համաձայն, վարչապետը նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Այսինքն, եթե գործադիր ու օրենսդիր իշխանություններն այդ ժամկետում չհասցնեն օրենսդրական փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում», վարչապետը ստիպված կլինի նախարարներ նշանակել գործող օրենքով, որտեղ նրանց թիվը 17-ն է:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։
Ավելի ուշ հայտարարվեց, որ օպտիմալացման արդյունքում նոր կառավարությունում մնալու են հետևյալ նախարարությունները. աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության, ֆինանսների։
Պաշտոնապես, սակայն, այս փաստաթուղթը կառավարությունն առ այսօր չի հրապարակել ու չի էլ քննարկել:
Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, դրա ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված է 27-օրյա ժամկետ:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը: Այն ԱԺ-ն պետք է հավանության արժանացնի առավելագույնը 7 օրվա ընթացքում: