ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թեհրանի մոտակայքում կործանված Boeing 707 բեռնատար ինքնաթիռը 30 տոննա միս էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղըզստանի ԶԼՄ–ներին։
Fars գործակալության տվյալներով` ինքնաթիռում գտնվող 16 մարդուց միայն մեկն է ողջ մնացել։ Յոթ մահացածի մարմիններն արդեն գտնվել են։
Press TV լրատվական հեռուստաալիքը Twitter–ում ինքնաթիռի կործանման վայրից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել։
Նշվում է, որ ինքնաթիռը բեռնատար էր ու կանոնավոր չվերթ էր կատարում Բիշքեկից։
Sputnik Ղրղըզստանն իր հերթին հայտնում է, որ ինքնաթիռը Թեհրանի մոտակայքի Քերեջ քաղաքի Փայան օդանավակայան էր ուղևորվում, սակայն սխալմամբ նույն քաղաքի Ֆատխ օդանավակայանում է վայրէջք կատարել։
«Մանաս» միջազգային օդանավակայան» ԲԲԸ–ից հայտնել են, որ Boeing 707 բեռնատար ինքնաթիռը շահագործում էր իրանական ավիաընկերությունը։
Նախնական վարկածի համաձայն` վայրէջքի ընթացքում օդաչուն կորցրել է կառավարումը, դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու բնակելի թաղամաս մտել։
Դեպքի վայր է ժամանել մեկ ուղղաթիռ, շտապօգնության 10 մեքենա ու մեկ ավտոբուս։