ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության խորհրդարանում մեկնարկել է 7–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Ինչպես և ընդունված է նիստը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով։ Կանոնակարգի համաձայն` մինչև ԱԺ նախագահի ընտրությունը, այն վարում է ամենատարեց պատգամավորը` «Իմ քայլը» դաշինքով ընտրված, քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Նիստին մասնակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Օրհնելով նորընտիր խորհրդարանի աշխատանքը Վեհափառը հույս հայտնեց, որ այն կաշխատի սիրո և հնդուրժողականության մթնոլորտում։
Նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց:
Այսօր խորհրդարանը ձևավորելու է հաշվիչ հանձնաժողով, ապա ընտրելու է ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծումը 4-րդ հարցն է, այնուհետև կընտրվեն այդ հանձնաժողովների նախագահները:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
ԱԺ կանոնակարգ օրենքը նաև նախատեսում է, որ նախագահի ու փոխնախագահների ընտրություններն անցկացվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք` 2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։ Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ-ում 18 պատգամավոր կունենա։