ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու և նրա կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու գործով դատական նիստը ընդմիջվեց։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, պաշտպանական խումբը նրա խափանման միջոցի փոփոխությունը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։Նրա խոսքով`պատճառն իր ու դատավորի ընտանիքի միջև եղած ընկերական, բարեկամական հարաբերություններն են։
«Նախագահող դատավորի որդու հետ ես բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Բացի դրանից, նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ։ Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են։ Կապանը փոքր քաղաք է, ու նման հարաբերությունների դեպքում կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ», - ասաց Արամ Օրբելյանը։
Պաշտպանը ընդգծեց, որ եթե գրավը կիրառվեր ու կալանքը չերկարացվեր, քննարկման առիթ էր դառնալու։ Իսկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել են այդ փաստերն ու դատարանին խնդրել ենք հայտնել ինքնաբացարկ»։
Ըստ փաստաբանի՝ նախորդ դատավորի՝ Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը շատ ավելի հեռու կապերի շրջանակներում էր, քան Արթուր Մկրտչյանի դեպքում էր։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում։
«Քոչարյանը չի մասնակցում նիստին մի շարք պատճառներով։ Հիմքեր կան մի շարք ինքնաբացարկների համար, այդ թվում դատավորի. դրանք պետք է քննարկվեն։ Մեծ է հավանականությունը, որ միջնորդություններին գործը չի հասնի», – ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով` ֆորմալ առումով երկու միջնորդությունները երկու տարբեր հարցեր են, որոնք պետք է առանձին ուսումնասիրել ։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին գործի ուսումնասիրությունը Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկից հետո հանձնարարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն նա նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել։ Այժմ գործն ուսումնասիրվում է Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
Միևնույն ժամանակ ՀՔԾ–ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։
Հիշեցնենք` Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։