Դատարանն այսօր կորոշի` կազատվի Քոչարյանը կալանքից, թե կմնա ևս երկու ամիս

Դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու ու նրան ևս 2 ամսով կալանավորելու միջնորդությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր, ժամը 15:00-ին կքննվի միանգամից երկու միջնորդություն՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու և նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին:

Դատական նիստը կվարի դատավոր Արթուր Մկրտչյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից:

Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու մասին միջնորդությունը ներկայացրել են նրա փաստաբանները, իսկ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ:

Ի դեպ, նախորդ դատական նիստում, որտեղ պետք է քննվեր կալանքը գրավով փոխարինելու հարցը, դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտնել: Օրեր անց այդ դատական գործիչ հրաժարվել էր նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: