Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Քոչարյանի պաշտպան Ալումյանը ինքնաբացարկի այս տարափը բացատրում է նրանով, որ առանց օրենքը խախտելու հնարավոր չէ նրան պահել անազատության մեջ:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի –Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Հետքի» պարբերականի հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Եվս երկու ամսո՞վ. ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

Պաշտպանի խոսքով` դատավոր Գրիգորյանը ինքնաբացարկի երեք էջանոց որոշման մեջ նշել է, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, այն կքննվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ինքնաբացարկ էր ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանը:

«Ես ինքնաբացարկների այս տարափը բացատրում եմ նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին առանց օրենքը խախտելու հնարավոր չէ պահել անազատության մեջ, և դատավորները դա լավ հասկանում են: Մյուս կողմից՝ նրանք չեն կարող Քոչարյանին ազատ արձակել, որովհետև տեսնում եք, թե ինչ է կատարվում. հիմա էլ անցել են հրապարակային ակցիաների միջոցով շանտաժ անելուն, և ես կարծում եմ, որ իշխանությունները սա խրախուսում են»,- անդրադառնալով ինքնաբացարկների պատճառներին՝ ասել է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քաչարյանին գրավով ազատելու և նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվելու են մեկ վարույթում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք`Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։