Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է

Եվրամիության հետ համաձայնագրի վավերացումն այս տարի իրատեսական չէ: Համոզված է ԱԺ նախագահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստան- ԵՄ համաձայնագրի վավերացումը 2019թ.-ին ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից իրատեսական չէ: Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը: Բայց և հավելեց, որ կա որոշակի պատուհան և, լավ աշխատելու, ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է այս տարի հստակ արդյունք լինի։

Ե՞րբ կպարզեցվեն ԵՄ-ի հետ վիզաները. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը

«Պայմանավորված է վավերացնող երկրների քանակով։ Բացի այդ, խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, իսկապես մարդիկ նոր են»,- ասաց նա՝ անդրադառնալով ձգձգման պատճառներին,- «Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ գործընթացը»:

Ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքմանը խոչընդոտելու հարցում ՀՀ նորընտիր խորհրդարանի դերին, ԱԺ նախագահը համոզված է, որ նոր խորհրդարանն իր ձեռքի տակ ունի այն բոլոր գործիքները, որոնք ուներ նախորդ խորհրդարանը, հետևաբար, պետք է ջանքեր գործադրի:

«Բայց պետք է հաշվի առնենք, որ օրինակ, այսօր առաջին օրն է, և պատվիրակություններ դեռ ձևավորված չեն, որոշ ձևաչափերի դեպքում այցեր և հանդիպումներ միջազգային գործընկերների հետ սպասվում են, ենթադրենք, 2 ամսից։ Մարդկանց ժամանակ է պետք այդ կապերը հաստատելու և աշխատանքն անելու համար»,- ասաց նա: