Կոտայքում 62–ամյա ՌԴ քաղաքացուն մահացած են գտել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Հունվար — Sputnik. Կոտայքի մարզում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին. նա ազգությամբ հայ է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 13-ին, ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Գետամեջ գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի, 62-ամյա Աշոտ Խանգելդյանի դին, ով ժամանակավորապես բնակվում էր Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի, կարող էին առաջանալ վայր ընկնելու հետևանքով։ Փաստի առթիվ Նաիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։