ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի որոշ նիստերից բացակայելու է: Այս մասին այսօր նա հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում, լրագրողների հետ զրույցում՝ հավելելով. «Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, բայց դուք գիտեք, որ Ծառուկյանը բազմաթիվ գործերով է զբաղված, որոնք բոլորը լիարժեք հասցնում է»:
Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր ու կուսակցության ղեկավար:
Հարցին, թե որն է իր դիտարկմամբ օլիգարխը` Գագիկ Ծառուկյանն ասաց. «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել: Իսկ պաշտոնում լինելով դարձել է միլիարդատեր»:
Նոր խորհրդարանում ԲՀԿ-ի դիրքորոշման մասին հարցին Ծառուկյանը պատասխանեց. «Մենք հետևողական ժողովրդի կողքին կանգնած, ժողովրդի ձայնը բարձրացնելու ենք: Որ ծրագրերը ժողովրդին խոսք ենք տվել, պիտի կատարենք: Որը դեմ է ժողովրդին, երկրին, անվտանգությանը, պետության զարգացմանը, դեմ ենք լինելու»:
Ճշտող հարցին, թե արդյոք սա օլիգարխի իր կլասիկ սահմանումն է, Ծառուկյանը պատասխանեց. «Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ»:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի հետ ունեցած տարաձայնություններին` Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դա ուղղակի բանավեճ է եղել, որի ժամանակ յուրաքանչյուրը հայտնել է իր կարծիքը՝ հավաստելով, որ այս պահին «Լուսավոր Հայաստանի» ու անձամբ Էդմոն Մարուքյանի հետ ինքը ոչ մի տարաձայնություն չունի::
Լրագրողներն անդրադարձան նաև Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի՝ պատգամավոր դառնալու փաստին՝ հիշեցնելով, որ նրա նկատմամբ կա նաև հարուցված քրեական գործ:
«Բաբայան Էդիկը ոչ թե անվտանգության պետն է, այլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը»,- հակադարձեց Ծառուկյանը՝ պնդելով, որ Էդուարդ Բաբայանին ժողովուրդն է բերել Ազգային ժողով և ոչ թե ինքը: «Ես համաձայնություն տվել եմ, որ ինքը կարողանա մասնակցել, բայց ոչ թե ցուցակում եմ գրել : Հաշվի եմ առել ժողովրդի ցանկությունը»,- ասաց Ծառուկյանը:
Իսկ քրեական գործը, Ծառուկյանի դիտարկմամբ, ներկայացված բողոքի արդյունք էր, ինչն օրենքի պահանջ է, բայց չի կարող ազդել պատգամավորի գործունեության վրա: