ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Թեկնածությունն առաջադրելով՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց նաև նրա կենսագրության որոշ փաստեր։
Աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում, «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող:
Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ:
Դասախոսել է Երևանի պետական համալսարանում։
Այլ թեկնածություն պատգամավորները չառաջադրեցին: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում՝ ԱԺ նախագահի քվեարկության համար:
Հիշեցնենք, որ այսօր կայանում է ՀՀ ԱԺ 7–րդ գումարման 1–ին նիստը։